Իրանը չի ցանկանում, որպեսզի Թեհրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորված և կապված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Իրանի դիրքորոշումը հարևանների հանդեպ պարզ է, մեր հարևանները առաջնահերթություն են երկրի արտաքին քաղաքականության մեջ: Իրանը ձգտում է ընդլայնել և ամրապնդել կապերը հարևանների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ բացառելով միմյանց ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը»,- հավելել է Քասեմին:
Իրանը քաղաքական մակարդակում ՀՀ-ին ու Ադրբեջանին ընկալում է որպես հավասարազոր գործընկերներ՝ ղարաբաղյան հակամարտությունը Երևանի կամ Բաքվի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար խոչընդոտ չընկալելով:
Իրանը ղարաբաղյան հակամարտության հանդեպ ունի բալանսավորված դիրքորոշում, և սա չնայած նրան, որ Բաքուն տարիներ շարունակ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն, սակայն շիական Իրանն այց հարցում չի աջակցում շիական Ադրբեջանին:
Դա ունի նաև իր պատճառները: Նախ, Իրանը լավ հասկանում է, որ ղարաբաղյան հարցը կրոնական բնույթ չունի՝ ՀՀ-ն ու Արցախը որևէ խնդիրներ չունեն մահմեդական աշխարհի, այս դեպքում շիական աշխարհի հետ, իսկ Հայաստանի ու Արցախի տարածքում պահպանվում ու չեն քանդվում մզկիթները (Շուշի, Աղդամ): Բացի այդ, Ադրբեջանն ունի վառ թուրքամետ արտաքին քաղաքականություն ու ռազմավարական դաշնակցային կապեր Իրանի թիվ մեկ հակառակորդ Իսրայելի հետ:
Երևանն այս պարագայում Թեհրանում ընկալվում է որպես բարեկամ երկիր, ինչի մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանին անվանելով բարեկամ երկիր:
Չնայած ղարաբաղյան հարցի առկայությանը, Իրանը էներգետիկ-տրանսպորտային նախագծեր է կյանքի կոչում Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ փորձելով այս պարագայում նույնպես պահպանել բալանսը հյուսիսային երկու հարևանների հետ:
ՀՀ-ն ուղղակի պետք է ակտիվացնի տնտեսական կապերն իրանական ուղղության վրա, քանի որ Բաքուն արդեն իսկ Թեհրանի հետ կյանքի է կոչում Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային նախագիծը՝ դառնալով կապող օղակ Իրանի ու ՌԴ-ի միջև, ինչպես նաև իր տարածքն է տրամադրում իրանական ապրանքները Վրաստանով դեպի Սև ծով արտահանելու համար:
Քասեմին նաև կարևոր մեսիջ է հղել՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու հետ կապված: Դա առաջին հերթին վերաբերվում էր Բաքվին, որ տարիներ շարունակ փորձում է ապակայունացնել Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններն՝ այնտեղ պանթուրքական, անջատողական տրամադրություններ տարածելով: Բացի այդ, Բաքվի ազգայնական շրջանակներից անընդհատ հնչում են Իրանի հյուսիսը Ադրբեջանի Հանրապետությանը միացնելու ու Մեծ Ադրբեջան ստեղծելու կոչերը, ինչն Իրանում շատ սուր է ընկալվում:
Իրանն, իր հերթին, ՀՀ-ում թավշյա հեղափոխության օրերին որևէ քաղաքական միջամտություն չիրականացրեց ՀՀ-ի ներքին գործերին, այս պահին էլ Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության հետ ցանկանում է ընդլայնել էներգետիկ, առևտրային, տնտեսական կապերն ու ՀՀ-ն շարունակում ընկալել, որպես հյուսիսային բարեկամ, վստահելի երկիր: