Մարտի 1-ի գործով Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա ես դրա հետ կապ չունեմ։ Այս մասին շատ կտրուկ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նյարդայնացած պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը մարտի 1-ի գործի շրջանակում երբեւէ վկայի կարգավիճակում հարցաքննվե՞լ է։
Երեւանում Մյասնիկյանի արձանի մոտ այսօր մարտիմեկյան զոհերի հիշատակը հարգելու էին գնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ Ի պատասխան լրագրողների հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունի մարտի մեկը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Դա ասելու բա՞ն է, թե ինչ խորհուրդ ունի։ Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդը, ասենք թե, իր ցանկության, իր հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց։ Դա ցավ է մեր ամբողջ հայ ժողովրդի համար»։
Ծառուկյանն ասաց, որ եթե հարմար լինի, կմասնակցի այսօր վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ կայանալիք երթին։ ԲՀԿ ղեկավարը բարկացավ լրագրողների այն հարցից, թե ինքը մարտի 1-ի գործի շրջանակում երբեւէ վկայի կարգավիճակում հարցաքննվե՞լ է։
«Աղջիկ ջան, բայց դու անհարմար չե՞ս զգում։ Ինչքան կարելի է բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել, չի կարա ունենա։ Անհարմար ա, չէ՞։ Կամ դուք ձեզ դնում եք անհասկացողի տեղ։ Հարուր անգամ բացատրում, ասում եմ, նորից ձևի համար հարց եք տալիս։ Անհարմար ա, ես ձեր փոխարեն ամաչում եմ, որ մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա, հասկանա, թե ինչ հարց է տալիս։ Հարյուր անգամ հարցը տալիս ես։ Ուզո՞ւմ ես ցույց տաս, որ դու էդ հարցը Ծառուկյանին տվե՞լ ես», - բարկացած ասաց ԲՀԿ ղեկավարը։
Քո ուզածը ո՞րն է, աղջիկ ջան, նույնքան բարկացած հարց ուղղեց նա ու հավելեց․ «Աղջիկ ջան, Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա։ Ձեր շանտաժները, ոչ մի բան չի կարա Ծառուկյանի վրա ազդի» ։ Հարցին, որ նա 2008-ին իշխանության հետ կոալիցիա էր կազմել, իրեն մեղավոր զգո՞ւմ է մարտի 1-ի իրադարձությունների համար, Ծառուկյանն ասաց․ «Մեր ձեռն ի՞նչ կար, եղբայր ջան, որ մենք զգայինք»։
Մարտի 1-ի հանցագործությանը Ծառուկյանի հնարավոր մասնակցության մասին հարեցերը շարունակում են «հետապնդել» նրան։ Վերջին շրջանում այդ հարցերն ավելի շատն են հնչում, որոնց Ծառուկյանը ջղաձգված է պատասխանում։
Օրեր առաջ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաեւ իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, Ծառուկյանը ջղաձգված պատասխանեց. «Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»: