Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից: Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը: Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ, նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը: Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ: