Այս պահին հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանն ուղղված տեսաուղերձում ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Շիֆը նշել է, որ սպառնալիքի տակ ապրող մարդիկ միաժամանակ սգում են իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք «սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում»: «Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն», - ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը: «Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին», - եզրափակել է իր խոսքն Ադամ Շիֆը: