Արևելյան սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը երկու զոհ ունի․ ՊՆ
Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ևս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ «Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», - ասված է հաղորդագրությունում։
Ժամեր առաջ ՊՆ-ն հայտներ էր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակից մեկ հայ զինծառայողի վիրավորման մասին։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր սահմանամերձ շրջանում փոխհրաձգության հետեւանքով իր զինծառայողի զոհվելու մասին: