Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը կկայանա, ենթադրաբար, նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Աբաշիձեն։ «Մեր հանդիպումը, ենթադրաբար, տեղի կունենա նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Առայժմ որոշված չէ, բանակցությունները կընթանան առցանց կամ առերես, ամեն ինչ կախված է աշխարհում համաճարակաբանական իրավիճակից», – նշել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը։ Աղբյուրը հիշեցնում է, որ Կարասինի եւ Աբաշիձեի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսին ռուս-վրացական ոչ պաշտոնական երկխոսության մեխանիզմի շրջանակներում, որը գործում էր 2012 թվականից: Դրան մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները։