29.11.2024
Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է «շատ գործել, քիչ խոսել» որդեգրած քաղաքականությունը
19.01.2022
Արցախի ԱԳՆ-ն շարունակելու է «շատ գործել, քիչ խոսել» որդեգրած քաղաքականությունը

Հունվարի 19-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։ Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․«Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»։Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու զարգացումը, հայկական Սփյուռքի համայնքների և կառույցների հետ հարաբերությունների խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն ու ամրապնդումը, ըստ նախարար Բաբայանի, կլինեն ԱԳՆ գործունեության հիմնական ուղղությունները։ Անդրադառնալով 2022 թվականի արտաքին քաղաքականության ռազմավարությանն ու մարտավարությանը՝ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես շեշտել է․ «Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն՝ հետևելով ԱԳՆ որդեգրած «շատ գործել, քիչ խոսել» կարգախոսին: Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների՝ հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերներին, նոր իրողությունների պայմաններում առաջացող խնդիրներին, բանակցային գործընթացին, Արցախի կարգավիճակին վերաբերող հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Արտաքին գործերի նախարարության հետ սերտ փոխգործակցության և Արցախի տեսլականը ներկայացնելուն ուղղված աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։