4.11.2025
ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել Արցախին եւ Հայաստանին 70 միլիոն դոլարի օգնություն տրամադրել
08.03.2018
ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել Արցախին եւ Հայաստանին 70 միլիոն դոլարի օգնություն տրամադրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին եւ հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի եւ Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին եւ Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին եւ Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, գրում է «Արմենպրես»-ը: Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին եւ Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման եւ հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաեւ 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արեւելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաեւ ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: