Ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս լուրը հաստատել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, հայտնում է Sputnik-ը: «Այս պահին փակ է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։ Դա արվել է անվտանգության նկատառումներով։ Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով», – նշել է Սահակյանը: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գյուղապետի խոսքով` այս պահին վիճակը հանգիստ է։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ, որը պատկանում էր «Սպայկա» ընկերությանը: