31.01.2026
ՀՀ-ն պետք է ակտիվացնի «հակաթուրքական ճակատի» ձևավորումը
02.07.2018
ՀՀ-ն պետք է ակտիվացնի «հակաթուրքական ճակատի» ձևավորումը

Թուրքական Կոնիա քաղաքում հուլիսի 1-ին մեկնարկել են քառակողմ զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի թուրքական հատվածի զինված ուժերը: Ուշագրավ է, որ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» որպես անկախ պետական միավոր ճանաչող միակ երկիրը Թուրքիան է: «Անատոլիայի փյունիկ» կոչվող զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը: Դրանց ընթացքում մասնակիցները կենտրոնանալու են մարտական պայմաններում վիրավոր զինծառայողների փրկության խնդրի լուծման վրա: Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր բազմաքայլ հակահայկական գործողությունները, Երևանը դրան պետք է պատասխանի Թուրքիայի հետ խնդիրներ ունեցող երկրների հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդմամբ` Հունաստան-Կիպրոս-Հայաստան ուղղությամբ: Հակաթուրքական ճակատի ձևավորումը թույլ կտա նվազեցնել Թուրքիայի ճնշումները ՀՀ-ի վրա, ինչպես նաև միջազգային հարթակներում ունենալ նոր ռազմավարական դաշնակիցներ` Թուրքիայի սահմանների երկայնքով: Հիշեցնենք, որ Թուրքիան խնդիրներ ու պատմական ծանր ժառանգություն ունի Հունաստանի հետ՝ հույների ջարդերը, Պոնտոսի հույների ցեղասպանությունը, թուրք-հունական պատերազմները, Կիպրոսի օկուպացիան թուրքական զինուժի կողմից և այլ հարցեր, ինչը ստեղծում է լավ նախադրյալներ հայ-հունական հարաբերությունների ամրապնդման համար: Հունաստանը հակաթուրքական երկրների կոալիցիայի կազմում կարևոր դերակատարում կունենա: ՀՀ-ն պետք է աշխատի հունական քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ազգայնական շրջանակների հետ, որոնք ունեն հակաթուրքական ուղղվածություն: Հունաստանում՝ թուրքականին զուգահեռ, առկա է հայկական բավականին մեծ համայնք և նրանց աջակցությամբ և լոբբինգով հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվանա հունական ուղղությամբ: Հաջորդ երկիրը, որը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Կիպրոսն է: Անկարան օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը: Կիպրոս-Հունաստան տանդեմն ունի հակաթուրքական ուղենիշ՝ պատմական նույն հիշողությունը Թուրքիայի հանդեպ: Չմոռանանք, որ Կիպրոսում առկա է նաև ոչ մեծաքանակ, սակայն բավականին ազդեցիկ ու հարգված հայկական համայնք՝իր կառույցներով, եկեղեցիներով և այլն: Վերոնշյալ երկրները պետք է ճնշումներ գործադրեն Թուրքիայի վրա միջազգային կառույցներում՝ սիմետրիկ քվեարկեն տարբեր նախագծերի շուրջ`փոխկապակցված արտաքին քաղաքականություն իրականացնեն: Հակաթուրքական կոալիցիան պետք է հիմնված լինի ոչ միայն «ընդդեմ Թուրքիայի» տրամաբանության վրա, այլ նաև այդ երկրերի և Հայաստանի միջև պետք է զարգացնել ակտիվ առտրա-տնտեսական կապեր, ներդրումներ, խորհրդարանական և այլ դիվանագիտություն օգտագործել: