Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Թեմայի շուրջ Ալթունը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների նկատմամբ հարձակում գործելու փոխարեն, մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք, որ ճշմարտությունը գերակայություն ունենա հորինվածքի նկատմամբ»։ Հիշեցնենք, որ Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։