Փաշինյանն ու Պուտինը խոսել են գազի գնից. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի թեման: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ հասկանալի է, որ երկու երկրների առաջնորդները չէ, որ պետք է գազի գնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեն:
«Այնուամենայնիվ, դա վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, և ավելի ճիշտ կլինի, որ իրենց բանակցությունների արդյունքում դա ձևավորվի»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Վլադիմիր Կարապետյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին երկու հանդիպումներից մեկը տևել է շուրջ 1,5 ժամ, մյուսը՝ շուրջ 1 ժամ 15 րոպե։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ վարչապետին պաշտոնական այցի հրավերին՝ Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ հրավերը նոր է ստացվել և դեռևս վաղ է Մոսկվա այցի ժամկետների մասին խոսել։
«Երբ գերատեսչությունները կառավարությունից հանձնարարություն կստանան, կնախապատրաստեն այդ այցելությունը», - նշել է վարչապետի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 30 տոկոսով գազի սակագնի բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այն հարցին, թե հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»:
2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: