Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանելու համար, նրանց ջանքերի շնորհիվ Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 30 հազար բնակիչներ: Այս մասին դեկտեմբերի 4-ին սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ է տվել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Հրադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանները պահպանվում են ։ <...> Նշեմ, որ մեր զինծառայողները գործում են պրոֆեսիոնալ և անում են ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն պահպանվի», - ասել է նախարարը: Նա պատմել է, որ խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զոհվածների դիակների փոխանակումը: «Ապահովվել է ավելի քան 30 հազար փախստականների վերադարձը», - հավելել է Շոյգուն: Ռուս զինծառայողները նաեւ պայթունավտանգ առարկաներից ազատում են տեղանքը եւ ընդհանուր օգտագործման ճանապարհները: «Մաքրվել է 50 հեկտար տարածք եւ ավելի քան 17 կմ երկարությամբ ճանապարհային կտավ։ Վնասազերծվել է ավելի քան հազար պայթուցիկ առարկա։ Ականազերծվել է Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը: Դրանով վերականգնվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը», - նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, միջանցքով ռուս խաղաղապահները 3,5 հազար ավտոմեքենա են ուղեկցել։ Բացի այդ, ավարտվել է Արեւելյան ռազմական օկրուգի բժշկական ջոկատի տեղակայումը, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ գործառնական բլոկներով, նրա մասնագետները սկսել են բուժօգնություն ցուցաբերել անձնակազմին եւ տեղի բնակչությանը: «Փոխգործակցություն է հաստատվել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների հետ», - հավելել է նախարարը: