Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Անկարա կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել է, որ Թեհրանում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցերը: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի ղեկավարությունն ակնկալում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Թեհրան: Հարեւան երկրների ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի ստույգ ժամկետները Իրանի դիվանագիտության ղեկավարը չի նշել՝ սահմանափակվելով այն նշումով, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին: Նախարար Զարիֆն Անկարա է ժամանել Բաքու, Մոսկվա, Երեւան եւ Թբիլիսի այցերից հետո: Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը դարձել է Իրանի ԱԳ նախարարի եւ Ադրբեջանի ղեկավարության հանդիպման հիմնական թեմաներից մեկը: Բաքվում ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափ» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) աշխատանքային անվանումը կրող գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցել և համագործակցել բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու հանգստությանը: