Մարալ Նաջարյանն ադրբեջանական գերությունից տուն է վերադարձել Բեյրութ
Ադրբեջանական գերության մեջ գտնվողՄարալ Նաջարյանը, որը Բեյրութից է, ապրել է Շուշիում, երեկ ուշ երեկոյան վերադարձել է Բեյրութ:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որն անձամբ զբաղվել է Նաջարյանի, ինչպես նաև ռուս պաշտոնյաների, «Կարմիր Խաչի» լիբանանյան բաժանմունքի և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ այդ հարցով:
«Երբ քո պետությունը բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են մարդկանց նախաձեռնությամբ և կապերով», - գրել է Մելիքյանը Facebook-ի իր էջում:
Միրզոյանը խնդրել է Մատվիենկոյին
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցում խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:
Այս մասին Վալենտինա Մատվիենկոն տեղեկացրել էր իր տված հարցազրույցում: Նա պատմել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել է նրան՝ խնդրելով քննարկել այդ կանանց վերադարձի հնարավորությունը: Մատվիենկոն հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կարձագանքի իր խնդրանքին: