25.11.2024
Լատվիայի մտավորականությունը կոչ է արել Ադրբեջանին արագացնել գերիների վերադարձը Հայաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանում դեռևս մեկ տիպի պատվաստանյութով են պատվաստումներ իրականացվում՝ «Սպուտնիկ V»-ով

Հայաստանում դեռևս մեկ տիպի պատվաստանյութով են պատվաստումներ իրականացվում՝ «Սպուտնիկ V»-ով: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Նրա խոսքով, հետպատվաստումային շրջանում որևէ արտառոց դեպք, սուր կողմնակի երևույթ չի գրանցվել Հայաստանում Covid-ի դեմ պատվաստված անձանց շրջանում։ «Հայաստանում դեռևս փոքր քանակով է պատվաստում իրականացվում՝ ռիսկի խմբի և բուժաշխատողների շրջանում: Իրականացվում է պատվաստումը մեկ տիպի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով», - ասաց Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով ավստրիական «Աստրա Զենեկա» պատվաստանույթի վերաբերյալ Եվրոպական որոշ երկրներում հնչող մտահոգություններին։


«Մի շարք երկրներ ժամանակավորապես «Աստրա Զենեկա» ընկերության պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապված են պատվաստանյութի հետ, թե ոչ», - ասավ նա՝ հավելելով, որ Հայաստանն ուշադիր հետևում է այդ գործընթացին, կապի մեջ է, երբ լինի գնահատականը, ապացուցվի պատճառահետևանքային կապը, ապա «մենք ինքներս էլ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները հետագա բանակցություններում»։


«Այս պահին մենք նման պատվաստանյութ չունենք, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկենք։ Այո, մենք բանակցություններ ենք վարում նաև Աստրա Զենեկայի հետ և շարունակելու ենք վարել։ Եվ մեր որոշումները կայացնելու ենք՝ հիմնվելով միջազգային մասնագիտական կառույցների եզրակացությունների վրա»,- հայտնեց նա։


Նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում 12 բժշկական կենտրոն է զբաղվում Covid հիվանդների բուժմամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Եվ ավելացնում ենք այդ թիվը, մենք չենք սպասում, որպեսզի մահճակալները չհերիքեն, այլ թվերի աճին համընթաց ավելացնում ենք մահճակալների թիվը»,- ասաց նախարարը։


Անդրադառնալով կորոնավիրուսից մահերի թվի աճին՝ Ավանեսյանն ասաց․ «Ինչպե՞ս կարող է նվազել մահերի թիվը, եթե դեպքերի ավելացում ունենք»։


VERELQ-ը հիշեցնում է, որ Մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: "Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 848 է", - հայտնում են Առողջապահության նախարարությունից: