17.01.2025
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Փաշինյան
16.12.2020
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Փաշինյան

Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդորում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք: Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ զարգացող իրադարձություններին: Նա նաև հաստատել է հայկական կողմից գերիների առկայության մասին տեղեկությունները: «Այո, այդ տեղեկատվությունը կա, բայց, էլի, ուզում եմ ասել, որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ուղերձում հայտնել էր, որ Խծաբերդի ուղղությամբ «մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները»: Նա նաշել էր, որ անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: "Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ", - ասել էր Հարությունյանը: Նշենք նաև, որ ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում: