Թուրքալեզու երկրները պետք է աջակցեն 44-օրյա պատերազմի արդյունքում իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին։ Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթաժողովում:
Էրդողանը նշել է, որ կարևոր է, որպեսզի թուրքալեզու երկրները շարունակեն աջակցել Ադրբեջանին նաև Ղարաբաղում թուրքական հուշարձանների պաշտպանության և վերածննդի գործում։ Էրդողանը նաև նշել է, որ ինքը կայցելի Շուշի Ռամազան տոնի կապակցությամբ։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ այսօր «ադրբեջանցի ժողովրդի զանգվածային սպանության տարելիցն է 1918 թվականին»։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ իրենք երբեք չեն կարող մոռանալ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»։
«Դրա հետ մեկտեղ կարեւոր եմ համարում ապահովել բռնի տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանը», - շարունակել է թուրք առաջնորդը։
Նա նշել է, որ այն փոփոխությունները, որոնք այսօր ապրում է համաշխարհային հանրությունը, ավելի են ամրապնդում համագործակցության այնպիսի հարթակների նշանակությունը, ինչպիսիք են թյուրքական խորհուրդը:
«12 տարվա ընթացքում թյուրքական խորհուրդն ավարտել է ինստիտուցիոնալացման գործընթացը, ինչը կբարձրացնի կառույցի միջազգային հեղինակությունը։ Ժամանակն է բարձրացնել Թյուրքական խորհրդի կարգավիճակը՝ այն դարձնելով միջազգային կազմակերպություն», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով, թուրքալեզու պետությունների համատեղ ջանքերը կնպաստեն նաեւ կիպրոսցի թուրքերի շահերի պաշտպանությանը:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովը հնարավոր կլինի անցկացնել նոյեմբերի 12-ին Ստամբուլում առկա ձեւաչափով՝ հաշվի առնելով պանդեմիային հակազդելու միջոցառումները: