Պահեստազորում գտնվող ՌԴ քաղաքացիները պետք է ներկայանան ռազմական հավաքներին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «2021 թվականին պահեստազորում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զորակոչ անել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում եւ անվտանգության դաշնային ծառայության մարմիններում զինվորական հավաքներ անցկացնելու համար», - ասված է հրամանագրում: Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, ապրիլի 15-ից Ռուսաստանում սկսվել է զորքեր նորակոչիկների ուղարկումը գարնանային զորակոչի շրջանակներում: ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն՝ ժամկետային ծառայության է կոչվել 134 650 քաղաքացի: 2017 թվականի նոյեմբերից Ռուսաստանի Զինված ուժերի թվաքանակը կազմում է 1 մլն 902 հազար 758 մարդ: Նրանցից 1 մլն 13 հազար 628-ը զինծառայողներ են, մնացածը՝ քաղաքացիական անձնակազմ։