10.11.2025
Ղարաբաղյան հիմնախնդրինց մինչև հայ-ռուսական միասնական զորախումբ. Փաշինյանի խոսքը
07.04.2021
Ղարաբաղյան հիմնախնդրինց մինչև հայ-ռուսական միասնական զորախումբ. Փաշինյանի խոսքը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկսվայում այսօր՝ ապրիլի 7-ին, ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Փաշինյանի խոսքը և Պուտինի պատասխանը հրապարակում ենք ստորև. «Նիկոլ Փաշինյան - Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն: Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք: Եվ իհարկե Դուք արդեն ասացիք, որ տնտեսական համագործակցության հարցերը նույնպես շատ կարևոր են մեզ համար և հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները: Մենք շատ սերտ համագործակցել և համագործակցում ենք կորոնավիրուսի պանդեմիայի հակազդման գործում: Փաստացի, վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը: Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ: Վլադիմիր Պուտին- Իհարկե, այդ բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսենք, կանդրադառնանք բոլոր թեմաներին, որոնք Դուք համարում եք անհրաժեշտ քննարկման համար, այդ թվում` պատվաստանյութը: Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է: Նիկոլ Փաշինյան - Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք: Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը: Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Վլադիմիր Պուտին - Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են»: