26.11.2024
ՊՆ-ն հերքում է Սիսիանի հատվածում հակառակորդի կրակոցների և վիրավորների մասին լուրը
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը Մարտինա Շմիդտին հիշեցրել է ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴԻ-ի որոշումների մասին

Մայիսի 25-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:


Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնել է Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը:


ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական համագործակցության միջոցով կարձանագրվեն նոր ձեռքբերումներ։


Խոսելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի մասին՝ Արա Այվազյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ երկրում բարեփոխումների շարունակական իրականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։


ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Արա Այվազյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝ Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության հարցերում, ինչպես նաև Արցախի բնակչության՝ մարդու անքակտելի իրավունքների պաշտպանության և լիարժեք իրացման ապահովման գործում։


ԱԳ նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կառույցների և պաշտոնական ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտքի ապահովման անհրաժեշտության վրա՝ այս առումով ընդգծելով Ադրբեջանի կողմից խոչընդոտներ հարուցելու անթույլատրելիությունը։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ կարևորել է հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը: