Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել եմ հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել եմ 2021թ. մայիսի 12-ին եւ 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետեւանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: "ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով", - հայտնում է Թաթոյանը: