Ե՞րբ եք բացելու Հայաստանի հետ սահմանը». Փայլանը հարց է ուղղել Թուրքիայի իշխանություններին
Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրենքով սահմանված կարգով հարցադիմում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ գրավոր պատասխանի պահանջով. հայտնում է ermenihaber.am-ը:
Հարցադիմումի մեջ նշվել է․ «Չնայած այն բանին, որ Թուրքիան 1991թ․ Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրն է, բայց ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից առ այսօր փակել է Հայաստանի հետ սահմանը և սառեցրել դիվանագիտական ու քաղաքական հարաբերությունները։ 1993-ից հետո քաղաքական իշխանությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավումը կապել են Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ։
Նախորդ տարվա Ղարաբաղի պատերազմի արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանագրով հայկական զինված ուժերը հետ են քաշվել տասնյակ տարիներ իրենց զբաղեցրած տարածքներից։ Վերջին շրջանում ինչպես նախագահ Էրդողանը, այնպես էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորլու կոչեր պարունակող հայտարարություններ են արել։
Ուստի այս համատեքստում․
1. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ ուղով եք գնալու։
2. Հայաստանի հետ մեր սահմանը ե՞րբ եք բացելու։
3. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները ե՞րբ եք սկսելու։
4. Հայաստանի հետ վստահության կապերն ապահովելու համար ի՞նչ քայլեր եք անելու։
5. Ցամաքային և երկաթուղային կապն ապահովելու համար Հայաստանի հետ սկսվե՞լ են շփումներ։
6. Հայաստանի հետ ուղիղ թռիչքներ իրականացնելու նախաձեռնություն ունենալո՞ւ եք»։