Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա հայտնել է, որ այսօր համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը, հայտնում է tert.am-ում: «Այսօր հանդիպումներ կլինեն Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն և վճռականություն ցուցաբերեն»,- գրել է ամերիկացի համանախագահը: Վերջին օրերին ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ղարաբա-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանի ԶՈւ-երը պարբերաբար կրակ են արձակում ղարաբաղյան դիրքերի վրա, օգտագործելով բացի հրազենից նաև մանր տրամաչափի ականանետեր և գնդացիրներ: Հատկանշական է, որ հրադադարի ռեժիմի խախտումը համընկավ տարածաշրջան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ: