5.07.2025
Օտտո Լյուխտերհանդտին. Ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան էր Ղարաբաղի ժողովրդի դեմ
15.09.2016
Օտտո Լյուխտերհանդտին. Ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանի ագրեսիան էր Ղարաբաղի ժողովրդի դեմ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանում սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են միջազգային իրավունքի մասնագետ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտին: Վերջինիս, ում գիտական հետաքրքրությունը Ղարաբաղի ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ սկսվել է դեռեւս 1992-ին, Երիտխորհրդարանի անդամների համար հանդես է եկել զեկույցով՝ «Ադրբեջանի բլիցկրիգն ընդդեմ Արցախի եւ միջազգային իրավունքը» թեմայով: Գերմանացի պրոֆեսորը նշել է, որ Արցախի Հանրապետությունը, միջազգային իրավական ճանաչում չունենալով հանդերձ, լիովին համապատասխանում է պետության սահմանման բոլոր չափանիշներին եւ անկախության այս տարիներին ապացուցել է իր կենսունակությունը: Լյուխտերհանդտն ընդգծել է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները տարածվում են միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների հանդեպ՝ անկախ նրանց ճանաչման կարգավիճակից, եւ ապրիլին Արցախի դեմ նախաձեռնած պատերազմով Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի մի քանի հիմնարար սկզբունքներ, մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: Պրոֆեսոր Լյուխտերհանդտի խոսքով ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի ակտ էր, որի ամբողջ պատասխանատվությունը Բաքվի քաղաքական ղեկավարության վրա է: Այնուհետեւ Երիտասարդական խորհրդարանի անդամները հետաքրքրվել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր տեսլականի, Արցախի եւ հետխորհրդային տարածքի մյուս չճանաչված պետությունների իրավական հիմքերի համեմատական վերլուծության եւ միջազգային հանրային իրավունքի հետ կապված այլ հարցերով: