Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի՝ հարաբերություններ կարգավորելու հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությանը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Նա նաև հայտնել է Երևանի հետ չարտերային չվերթներ բացելու մասին:
Հայաստանի ԱԳՆ-ի հայտնում են, որ Երևանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի», - ասված է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հայտարարության մեջ։