23.11.2024
Արցախի Հանրապետության ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Հայաստանը կարող են բանակցել հատուկ ներկայացուցիչների միջոցով. Չավուշօղլու

Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Նման պնդմամբ երկուշաբթի հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։


«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մենք նաեւ չարտերային չվերթներ կբացենք Հայաստանի մայրաքաղաքի՝ Երեւան քաղաքի հետ», - նախարարի խոսքը մեջբերում Է NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Չավուշօղլուն ընդգծել է, որ այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ձեռնարկվելու է Ադրբեջանի հետ համատեղ:


Մինչդեռ այս տարվա սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է հետագայում եւս աջակցել Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավմանը, երկրների միջեւ դրական ազդակներ է տեսնում:


Դիվանագետի խոսքով՝ պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հաստատմանը, հատկապես «ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման համատեքստում»:


Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ փոխհարաբերությունների սկզբունքների մասին արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չվավերացվեցին: 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։