23.11.2024
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Չավուշօղլուի՝ հարաբերություններ կարգավորելու հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում Հայաստանի հաշվին և առանց Հայաստանի. Զաքարյան

Հարավային Կովկասից «3+3» ձևաչափով դուրս են թողնելու հավաքական Արևմուտքին. Արտակ Զաքարյան


Դժվար չէ ենթադրել, որ «3+3» ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս են թողնելու հավաքական Արևմուտքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ներկայացնելով «3+3» ձևաչափի գաղափարի պատմությունն ու աշխարհաքաղաքական նպատակները:


Նրա խոսքով, Հարավային կովկասում՝ անվտանգության և համագործակցության «3+3» (Հայաստան, Վրաստան Ադրբեջան + Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ձևաչափի ստեղծման գաղափարն առաջ է քաշվել դեռևս 1990 ականներին՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի կողմից: Հետագայում, 2003թ., տարածաշրջանային այցի ընթացքում, Երևանում, այդ գաղափարը հնչեցրել է նաև Իրանի արտգործնախարար Քյամալ Խարազին: «Այն ժամանակ, “3+3” ձևաչափն անվանում էին նաև “Մեծ Կովկասի” ստեղծման գաղափար», - հիշեցնում է Զաքարյանը:


«Դժվար չէ ենթադրել, որ “3+3” ձևաչափում Կովկասի երկրների աշխարհագրական հարևանությունը, անվտանգության և այլ բնույթի համագործակցությամբ՝ շատ հարցերում Հարավային Կովկասից դուրս էին թողնելու հավաքական Արևմուտքին: Այն հատկապես ուղղվելու է ՆԱՏՕ-ի, ԵՄ- արևելյան գործընկերության, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցության նվազեցմանը: Բացի այդ, այս ձևաչափը դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի գլխավոր խնդիրն է լիարժեք վերահսկողություն սահմանել Արևելքն Արևմուտքի, և Հյուսիսը Հարավի հետ կապող բոլոր տիպի հաղորդակցությունների վրա:


Որքան էլ, որ “3+3”-ի մասնակից պետություները փորձեն համաձայնություններ գտնել միմյանց մեջ, այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրն ունի Արևմուտքից կախվածության իր աստիճանը, և հնարավոր չի լինելու այդ հարթակը լիարժեք ծառայեցնել իր նպատակին: Վրաստանն արդեն իսկ հնչեցրել է (Զուրաբ Աբաշիձե) իր մասնակցության անհնարինության մասին, ի նկատի ունենալով չլուծված հակամարտությունները», - նշում է Արտակ Զաքարյանը:


Հայաստանի ղեկավարը, նրա խոսքով, ի նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և Արցախյան չլուծված հակամարտությունը, նշել է, որ Երևանի մասնակցությունը հնարավոր է, պայմանով, որ “3+3”-ում չքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում: «Ալիևը, բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության էջը փակված է, և իրենք գնում են Հրավային Կովկասում համագործակցության և խաղաղության նոր էջ բացելուն: Սակայն, միևնույն ժամանակ, նույն Ադրբեջանը, իր նավթային և գազային խողովակներով լիովին կախված է Արևմուտքից և Թուրքիայից: Իրանին անհրաժեշտ է, որպեսզի իր հյուսիսային սահմաններին որևէ կերպ հնարավոր չլինեն ԱՄՆ-ի, Իսրայելի և ՆԱՏՕ-ի ներկայության հավանականությունը: Ռուսաստանը, որը նախկինում չէր ողջունել “3+3”-ը, այսօր շահագրգիռ է, որպեսզի գոնե Հարավային Կովկասում լինի հանդարտություն և կայունություն: Իսկ Թուրքիան` “3+3”-ը դիտարկում է, որպես «Մեծ Թուրանի» երազած գաղափարի իրականացման հնարավորություն», - նկատում է նախկին փոխնախարարը:


«Չնայած նրան, որ տարածաշրջանի բոլոր երկրներն էլ միմյանց նկատմամբ ունեն մնայուն հակասություններ կամ առնվազն ակնհայտ մրցակցություն, այնուամենայնվի եթե նույնիսկ “3+3” կամ “3+2” ձևաչափը կազմավորվի, այն երկար համատեղել չի կարող: Ելնելով ռեգիոնալ անվտանգության ռազմավարական և տարամիտվող շահերից, ձևաչափը շատ արագ կարող է վերածվել “2+2+1+/-1”


հարաբերակցության: Այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան + Թուրքիա-Ադրբեջան + Իրան+/-Վրաստան: Իսկ այս պարագայում դժվար է լինելու կոնսենսուսի գալը, ինչը և ազդելու է ձևաչափի էֆեկտիվության վրա:


Հավանական է նաև այն տարբերակը, որ Արևմուտքը կոշտ ճնշումներ սկսի գործադրել Թուրքիայի վրա, ինչպես նաև Վրաստանի վրա ունեցած իր ազդեցությամբ պարբերաբար խոչընդոտի ձևաչափի գործունեությանը: Այդ դեպքում “3+3”-ը կարող է վերածվել “3-3”-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան:


Ակնհայտ է նաև, որ այսօր “3+3” ձևաչափի գործարկման հարցը կրկին օրակարգ է բերվել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով փոխվել են Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունն ու կոմունիկացիաների վերահսկողությունը: Պատահական չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ևս խիստ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար և վերջինս շարունակ պարտադրում է այդ անթույլատրելի օրակարգը: Այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, անկախ “3+3”-ի հետագա ճակատագրից, Հարավային Կովկասում ձեռք են բերում լուրջ առավելություն:


Հաշվի առնելով նաև վերջերս ակտիվացած թուրք-ադրբեջանական, ինչպես նաև պակիստանյան համատեղ զորավարժությունները (Բաքվի հռչակագիր) կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի համար պայքարն առաջիկայում կարող է վերածվել կոշտ քաշքշուկի, ինչն էլ ավելի է սրելու առանց այդ էլ դարերով չկարգավորվող հակասություններն ու մրցակցությունը:


Առավել քան վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, առաջիկա տարիներին փորձելու են պայմաններ ստեղծել Հարավային Կովկասից ռուսական զորքերի դուրսբերման համար, որում ձգտելու են ստանալ նաև Արևմուտքի աջակցությունը: Միայն այդ պայմանով Արևմուտքը կարող է համաձայնվել, նույնիսկ ինչ որ կերպ աջակցել ձևաչափի կայացմանը:


Սակայն, արդյո՞ք Արևմուտքը, կամ Ռուսաստանն ու Իրանը մինչև վերջ վստահում են Թուրքիային: Իսկ գուցե սա գլոբալ խաղացողների աշխարհաքաղաքական ժամանակավոր «զբաղմո՞ւնք» է, որը փորձելու է որոշ ժամանակ աչք փակել առկա հակասությունների վրա և արտաքուստ համագործակցության պատկեր ստանալ:


Իսկ ի՞նչ ենք անելու մենք Արցախի չլուծված հակամարտության, Հայոց Ցեղասպանության ճանաչման, անվտանգային ամուր երաշխիքների և ինքնուրույն միաջազգային քաղաքականության հարցերում՝ դեռևս անհայտ է», - գրում է Զաքարյանը:


Նրա խոսքով, Հայաստանի գործող իշխանությունների հասցրած վնասը չի չափվում միայն նրանով, ինչ տեսնում ենք այսօր: «Մենք ոչ միայն կորցրել ենք կենսական տարածքներ և երիտասարդ, հրաշալի սերնդի մի սերուցքը, այլ մեր պետականության զարգացման բոլոր հեռանկարներում կապվել են մեր երկրի ձեռքերն ու ոտքերը: Եվ տարածաշրջանի շուրջ առևտուրը տեղի է ունենում բացառապես մեր երկրի հաշվին և առանց մեզ», - եզրափակել է Զաքարյանը: