Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում «Ժողովրդավարության գագաթաժողովին», որը ԱՄՆ-ն կանցկացնի դեկտեմբերի սկզբին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Մենք բացասաբար ենք վերաբերվում, անշուշտ, այս առաջիկա միջոցառմանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք պայքարել ենք 90-ականների սկզբին, որպեսզի այդ բաժանարար գծեր չլինեն: Այժմ ԱՄՆ-ը, ցավոք սրտի, նախընտրում է ստեղծել նոր բաժանարար գծեր և երկրները բաժանել նրանց պատկերացումներում լավերի եւ վատերի», - ասել է Պեսկովը լրագրողներին։
«ԱՄՆ-ը նման փորձեր անում է, նրանք փորձում են սեփականաշնորհել ժողովրդավարություն բառը։ Ժողովրդավարությունը միայն այն է, ինչ համապատասխանում է Վաշինգտոնի ընկալմանը։ Ակնհայտ է, որ այդպես լինել չի կարող և չպետք է լինի։ Նման բան, ըստ էության, չկա», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ դա չի հարաբերվում աշխարհում տրամադրությունների հետ: «Ավելի ու ավելի շատ երկրներ, այնուամենայնիվ, նախընտրում են իրենք որոշել, թե ինչպես պետք է ապրեն՝ առանց որեւէ մեկի վրա հայաց գցելու»:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտն իր կայքում հրապարակել էր 110 երկրների ցուցակ, որոնք հրավիրված են մասնակցելու «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին», որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Գագաթաժողովին, որը տեղի կունենա առցանց ձևաչափով, կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հրապարակված ցուցակի համաձայն՝ Ռուսաստանին և Չինաստանին գագաթաժողովին չեն հրավիրել։ ԵՄ անդամ երկրներից հրավիրված են բոլորը, բացի Հունգարիայից։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային ևս չեն հրավիրել գագաթնաժողովին մասնակցելու։