Չկա «անշրջելիության կետ» հասկացություն, պարզապես հայ հասարակության մեջ շատ-շատերը տառապում են մազոխիզմով, որոնք նախընտրում են լաց լինել, այլ ոչ թե գործել։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, 5-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե իշխանությունների սխալների եւ պարտության արդյունքում Հայաստանը հատել է անշերջելիության կետը։
«Դուք կարող եք պատկերացնել, եթե ժամանակին Ադրբեջանում հասարակությունը նույն տրամադրվածությունն ունենար, ինչ այսօր կունենայինք։ Ինչով ենք զբաղված։ Լացով եւ բողոքում ենք գործընթացների անշրջելիությունից, Ադրբեջանին հուշում ենք, որ նա դեռ կարող է գրավել», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ դա վատ մոտեցում է։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները հավերժ չեն, երբ հայ ժողովուրդը ձերբազատվի նրանցից, նա մեջքը կուղղի եւ առաջ կշարժվի:
«Զիջումները չեն շարունակվում, զիջումը եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Իրականում եռակողմ հայտարարության ստորագրումը երկրաշարժ էր, իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հետցնցումներ էին։ Այդպես էլ բնության մեջ է լինում», - կարծում է Նազարյանը։
Պատգամավորը նշեց, որ թե լրագրողները, թե քաղաքագետները ճիշտ չեն պատկերացնում իրավիճակը։ «Ադրբեջանը հիմա չէ, որ ներխուժել է Հայաստանի տարածք։ Ադրբեջանը Հայաստանի տարածք է ներխուժել 2020 թվականի սեպտեմբերին, երբ հարձակվել է Մարտակերտի, Քարվաճառի, Ջրականի վրա։ Ադրբեջանը այդ տարածքները դիտարկել է որպես Հայաստան, այլ ոչ թե որպես առանձին միավոր», - համոզված է ընդդիմադիրը։