ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին. Աբրահամյան
Այս մեկ տարվա ընթացքում իշխանությունը չի հասկացել իրավիճակի լրջությունը եւ, ըստ երեւույթին, հույս է դրել նրա վրա, որ եռակողմ բանակցություններում ինչ-որ գեղջկական ճարպկություն կդրսեւորի ու կկարողանա մի կերպ պահպանել նոյեմբերի 9-ի «status quo»-ն: Հիմա պարզվեց, որ դա հիմնովին սխալ հաշվարկ է: Այդ մասին «Առավոտ»-ում գրում է թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը շատ ավելի բարդ եւ նուրբ գործ է, քան խարազանող ճառերով սրան-նրան «քլնգելը»: Հատկապես բարդ գործ է Ռուսաստանի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելը: Մեր այսօրվա պաշտոնյաները ոչ միայն պատկերացում չունեն, թե ինչպես է կառուցված ռուսաստանյան իշխանությունը եւ ինչպես է պետք այնտեղ հարցեր լուծել: Նրանց մեծ մասը նույնիսկ ռուսերեն էլ չգիտի», - ասված է նրա հոդվածում:
Անդրադառնալով Ռուսաստանի հասցեին իշխող ուժի պատգամավորների քննադատություններին՝ Արամ Աբրահամյանը գրում է. «Երեկ ՔՊ-ականներն իրենց շեֆից հրահանգ էին ստացել՝ ԱԺ ամբիոնից շանտաժել ռուսներին, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ «մուննաթ գալ»: Նախ՝ Փաշինյանի կողմից կազմած ցուցակով խորհրդարան մտած պատգամավորներն այն քաղաքական քաշը, այն հեղինակությունը չունեն, որ նրանց դիմումները ռուսների կամ միջազգային հանրության վրա որեւէ ազդեցություն ունենան: Երկրորդ՝ Ռուսաստանի հետ պետք է աշխատել ապարատային, բյուրոկրատական եղանակով՝ դա այն երկիրը չէ, որի վրա կարող են ազդել PR ակցիաները: Եվ վերջապես, ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ամենեւին ռուսների մեղքը չէ. պատճառը անտերության մատնված պետությունն է:
…Խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ ելքը իշխանության հեռացումն է: Այսինքն ի՞նչ՝ խորհրդարանական նոր արտահերթ ընտրությունների կազմակերպո՞ւմը: Դուք դեռ չե՞ք համոզվել հունիսի 20-ի փորձով, որ Փաշինյանի ընտրազանգվածը (ավելի քան 680 հազար քաղաքացի), մեղմ ասած, անտարբեր է մարդկային եւ տարածքային կորուստների հանդեպ: Եթե վաղը լինեն նոր արտահերթ ընտրություններ, ապա դրանց ելքի վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ»: