25.11.2024
Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը
prev Նախորդ նորություն

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:


«Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն:


Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել դրան»,-  ասվում է Բուրիչի հայտարարության մեջ, գրում է «Արմենպրես»-ը:


Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման:


«Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ կոչ անելով ադրբեջանական զորքերի հարձակումից պաշտպանել Հանրապետության ինքնիշխան տարածքը:


«Քանի որ հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 1997 թվականի պայմանագրի համաձայն, մենք կոչ ենք անում ՌԴ-ին պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այժմ գրավոր դիմում է նախապատրաստվում», - հայտարարեց Գրիգորյանը։


Մինչդեռ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել (նոյեմբերի 16-ի երեկոյան տվյալներով. խմբ.) Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման հետ կապված օգնության մասին:


Նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի խորքը: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ:


ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերիներ ։ 24 զինծառայողների հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է: Տարվում են ինտենսիվ աշխատանքներ դրանց հայտնաբերման ուղղությամբ։ Հակառակորդի վերահսկողության տակ են անցել երկու մարտական հենակետեր:


Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակի լուծման և գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին ՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: