26.11.2024
Նախագահը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը չի բացառել Երևանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին դեսպանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին:


Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրադրության կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է, դեսպանն ասել է. «Դժվար է ասել. կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրադրությունը, ունենք այն, ինչ ունենք: Տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան»: Հստակեցնող հարցին, թե արդյոք չպետք է բացառել իրադրության որևէ զարգացում, դեսպանը հաստատական պատասխան է տվել՝ այո:


«Իրադրությունը կայունացել է այս պահի դրությամբ»,- հավելել է նա:


Տողանյանը տեղեկացրել է, որ պաշտոնական Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ՝ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի, այդ թվում և ադրբեջանական կողմից գերեվարված հայերին հետ վերադարձնելու հարցերի առնչությամբ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ կոչ անելով ադրբեջանական զորքերի հարձակումից պաշտպանել Հանրապետության ինքնիշխան տարածքը:


«Քանի որ հարձակումը կատարվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 1997 թվականի պայմանագրի համաձայն, մենք կոչ ենք անում ՌԴ-ին պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այժմ գրավոր դիմում է նախապատրաստվում», - հայտարարեց Գրիգորյանը։


Մինչդեռ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել (նոյեմբերի 16-ի երեկոյան տվյալներով. խմբ.) Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման հետ կապված օգնության մասին:


Նոյեմբերի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև: Երեւանը հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը հարձակում է սկսել հանրապետության տարածքի խորքը: Սպառնալիքի տակ է հայտնվել Պետական մայրուղին, որը մայրաքաղաքը կապում է երկրի հարավային շրջանների եւ Իրանի հետ:


ՀՀ զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերիներ ։ 24 զինծառայողների հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, եւ նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է: Տարվում են ինտենսիվ աշխատանքներ դրանց հայտնաբերման ուղղությամբ։ Հակառակորդի վերահսկողության տակ են անցել երկու մարտական հենակետեր:


Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակի լուծման և գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է ուղղակի ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ: Նոյեմբերի 16-ին ՝ ժամը 18:30-ից, Ռուսաստանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակը դադարեցվել է: