Նախագահը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:
Նախագահ Սարգսյանը հարցազրույցներ է տվել նաև միջազգային լրատվամիջոցների՝ ևս մեկ անգամ խոսելով հետպատերազմյան իրավիճակի և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների մասին:
Համաժողովի մասնակից միջազգային կորպորացիաների ու ընկերությունների (այդ թվում՝ Paypal, McKinsey & Company, Bharti Enterprises, Mastercard, Temasek, Tata Group և այլք) ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ապագային միտված ծրագրերին:
Համաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության, կլիմայի և առողջապահության ոլորտների վրա համավարակի ազդեցության հետևանքները, նոր մարտահրավերները, դրանց դիմակայելու քայլերն ու տնտեսական նոր հնարավորությունները: