ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրին:
«Դուք գիտեք, որ Կառավարության ծրագրում և մեր նախընտրական ծրագրում մատնանշել ենք առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ Ուզում եմ ընդգծել, որ այս համատեքստում չափազանց կարևոր է մեր նախընտրական խոստումը և Կառավարության ծրագրում արձանագրված դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում։ Հիմա շատ կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ:
Նոյեմբերի 4-ին ես ստորագրել եմ որոշում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր որոշում է։ Ըստ էության, կարող ենք համարել, որ այս ծրագիրը սկսում ենք իրականացնել Սյունիքի մարզից: Ամենակարևոր խնդիրը, որ մենք մեր առաջ դրել ենք, այն է, որ կրթությունն իրականում հասանելի լինի Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ ներուժը։ Հետաքրքիր հետազոտություններ են արված, որոնց վրա է հիմնված մեր աշխատանքը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով, կրթական համակարգով անցնելով՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կարող է բացահայտել իր ներուժի ընդամենը 57 տոկոսը։ Այսինքն՝ մենք ժամանակակից մեթոդաբանությամբ գնահատել ենք մեր կրթական այսօրվա ենթակառուցվածքը՝ ներառյալ բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և արձանագրել, որ մարդը, մեր՝ այսօր առաջարկած կրթական ծառայություններից լիարժեք օգտվելով, կարող է բացահայտել իր ներուժի ընդամենը 57 տոկոսը։
Հաջորդ կարևոր վիճակագրության համաձայն՝ այսօրվա պայմաններում տարրական դպրոցի ավարտին մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Այսինքն՝ պատկերացրեք, 4-րդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը կամ չի կարողանում կարդալ, կամ եթե կարողանում է կարդալ՝ չի կարողանում հասկանալ։
Պարզ է, որ կրթական համակարգում այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք։ Հիմա մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից, և այստեղ միայն այդ կրթական ծրագիրն իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- ասել է վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը նշել է, որ կրթական հաստատությունների բարելավման ծրագրով առաջարկվել է դպրոցների բարեփոխումներ իրականացնել Կապան խոշորացված համայնքում, որի կազմում ներառվել են Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։ «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ են կազմում մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների քանակը: Մինչև 100, դա չի նշանակում 80, 90 , դա նաև նշանակում է 30, 40, 50: Այդ բաշխվածությունն իրոք խնդրահարույց է, հանրապետությունում այդ դպրոցների քանակը կազմում է շուրջ 31.5 տոկոս: Ամենաբարձր ոչ լավ իմաստով ցուցանիշը Սյունիքի մարզում է: Սյունիքի մարզի դպրոցների շուրջ երկու երրորդը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներ են»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նախատեսվում է Կապանի խոշորացված համայնքի այս մոտեցումը տարածել ամբողջ Սյունիքի մարզի վրա:
Նախարարը նշել է, որ հետազոտվել է 31 գյուղ և ներկայացվել է հետևյալ առաջարկը. «6 գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, դրանցում ապահովելով նաև՝ նախակրթարանից մինչև 12-րդ դասարանի, մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը: Իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր համայնքների երեխաներ կմիավորվեն ու որակյալ կրթությամբ կապահովվեն։ Այս 7 հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ։ Իհարկե, ծրագրում ներառված են նաև որակյալ տրանսպորտային միջոցները»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախակրթարանները հնարավորինս մոտ լինեն դպրոցներին, որպեսզի օգտվեն ընդհանուր տրանսպորտային միջոցներից: «Ամեն օր առավոտյան երեխաներին այդ տրանսպորտային միջոցները գյուղերից հավաքելու են հանգուցային կրթահամալիրում` պետության հաշվին, և երեկոյան հետ են վերադարձնելու իրենց տները»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ճանապարհները վերանորոգվելու ու համապատասխանեցվելու են ժամանակակից ամենաբարձր չափանիշներին:
ԿԳՄՍ փոնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում են ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման և նոր ժամանակակից պայմանների ստեղծման, այլև համապատասխան կրթական բովանդակություն ներդնելու ուղղությամբ աշխատանքներ: «Մասնավորապես, ծրագիրն իր մեջ ներառում է բարձրորակ ուսուցչական համակազմ ապահովելու հետ կապված աշխատանքներ. պետք է իրականացվեն վերապատասրատումներ և տեղի մարդկային ռեսուրսի գնահատմամբ առաջարկվեն նաև դրա համալրման մոտեցումներ: Ինչպես նաև շատ կարևոր է, որ առաջարկում ենք նաև որոշակի կրթական ծրագրերի վերանայման աշխատանքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր քանակով աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում կա առանձահատուկ ուղղություն»,-ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ սա համալիր ծրագիր է և իր մեջ ներառում է և՛ ենթակառուցվածքի զարգացում, և՛ բովանդակային աշխատանք:
Ժաննա Անդրեասյանն նշել է նաև, որ բացի շենքային պայմաններից և տրանսպորտային երթուղիների կազմակերպումից, նախատեսվում է գույքով և լաբորատորիաներով համալրում բոլոր այս վայրերում: