23.11.2024
ԱԳ փոխնախարար. «3+3» ձևաչափը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ ՄԽ գործառույթները
prev Նախորդ նորություն

Հայաստանում ընդհանուր առմամբ արդեն իրականացվել է 852 355 պատվաստում

Վերջին օրերին հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում կա, ինչը կարտացոլվի հաջորդ շաբաթվա թվերում։ Այդ մասին կառավարության նիստում այսօր հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակի մասին:


Նրա խոսքով, նախօրեին արձանագրվել է 2330 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 12 188 թեստավորում, գրանցվել է 41 մահ։


«Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերում դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց է տալիս, մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով։ Մահճակալային ֆոնդը այս պահին էլ մնում է գերլարված վիճակում, մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց դեռ մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում։ Մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անցել է, 3120-ին մոտ է, և մենք հընթացս տանում ենք աշխատանքներ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու համար և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետձագելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք կովիդ պացիենտներին։ Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար։ Եվ այս պահին մեր բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են թթվածնով, չնայած որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում»,- ասաց նա։


Ավանեսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ արդեն իրականացվել է 852 355 պատվաստում։ Երկրորդ դեղաչափն ստացած քաղաքացիների թիվը կազմում է մեծահասակ բնակչության 13 տոկոսը։ «Մոդեռնա պատվաստանյութի ստանալուց հետո մենք նաև փոփոխություն իրականացրեցինք մեր հրամանի մեջ, և 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում։ Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ։ Եվ կարող եմ ասել, որ կա երեխաներին պատվաստելու հետաքրքրություն։ Մենք 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա պատվաստել ենք։ Պիտի նորից ընդգծեմ, որ մեր հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շատ փոքրաթիվ, ինչը ուրախալի է և ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և իրենց գլխավոր դերը կատարում են։ Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն են, որ պատվաստված են»,- ասաց նախարարը։