25.11.2024
Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում
prev Նախորդ նորություն

Պողոսյան. Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված

Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու: Այս մասին Facebook-յան գրառում է կատարել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ մի քանի դիտարկում ներկայացնելով ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին օրերի քննարկումների շուրջ:

Ըստ պատգամավորի, տարբեր երկրների ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով:

«Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք»,- նշել է նա:

Թևան Պողոսյանը մեջբերել է Քենեդու խոսքերը՝ «երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց» ու նշել, որ այդ խոսքերն իսկապես մեզ համար են, քանզի հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:

«Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք»,- հավելել է նա: