25.11.2024
ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը
prev Նախորդ նորություն

Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը

Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա նոյեմբերի 15-ից 20-ը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր`«FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։

Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որը կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: