2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Վկայականի տրամադրումը հնարավորություն է տալիս FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա և Ասիա` մատչելի գներով և առավելագույն անվտանգության պայմաններում։
Այս պահի դրությամբ՝ FLYONE ARMENIA ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում՝ ինչը նպաստում է երկրի տնտեսության աճին։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Եվ սա միայն մեկնարկի սկզբնական փուլում. ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում, ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով:
«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք FLYONE ARMENIA-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում »,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:
FLYONE ARMENIA ընկերությունը շուտով կսկսի տոմսերի վաճառքն ամենապահանջված ուղղություններով` անհավանական ցածր գներով և առաջիկայում խոստանում է բազմաթիվ անակնկալներ:
Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով:
FLYONE ARMENIA-ի մասին
FLYONE Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութայիսին, Դամասկոսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը:
FLYONE - ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև 2018, 2019 և 2020 թվականներին FLYONE- ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:
Նշենք, որ «Ֆլայուան Արմենիայի», ինչպես գրել է «Հետք»-ը, ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի եւ մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է:
ՍՊԸ-ի ավելի քան 50 %-ը, ինչպես պահանջում է «Ավիացիայի մասին» օրենքը, պատկանում է ՀՀ քաղաքացիների, սակայն Սուքիասյաններն անվանապես ներկայացված չեն ընկերությունում: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է երեւանցիներ Արմեն Սիրունյանի (24,5 %), Հակոբ Ալեքսանյանի (24,5 %) եւ Լարիսայի Սահակովայի (5 %) անուններով: