25.11.2024
Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 ընտանիքի կապահովեն խմելու ջրով
prev Նախորդ նորություն

COVID-ից մահերի համար պատասխանատու են հակապատվաստումային քարոզ իրականացնողները. Փաշինյան

Մահերի պատասխանատվությունը կրում են մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային շարժում: Այդ մասին կառավարության հոկտեմբերի 28-ի նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանում, չնայած համաճարակային իրավիճակի սրմանը, լոքդաուն չի հայտարարվելու: Դրա փոխարեն կառավարությունը մտադիր է խստացնել դիմակ կրելու կարգը երկրում և խթանել COVID-19-ի դեմ պատվաստումները: «Մենք ուղիղ պետք է ասենք, որ մահերի պատասխանատվությունը կրում են մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային շարժում», - ասաց Փաշինյանը:


Վարչապետը նաև խոսեց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքերով հարուցված քրեական գործերի մասին: «Ցավալի է, որ կան նման դեպքեր, երբ բժիշկներն են մասնակցում պատվաստումների կեղծման գործին», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ կան արդեն հարուցված քրեական գործեր և կալանավորված անձիք:


Մյուս կողմից Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բժիշկներին, որոնք օր ու գիշեր պայքարում են համավարակի դեմ: «Ես գիտեմ մեր առողջապահական համակարգը հյուծված է: Մեր շնորհակալությունն ենք հայտնում բժիշկներին», - ասել է նա:


Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հղում անելով միջազգային վիճակագրությանը, նշեց՝ արդեն իսկ ապացուցված է, որ պատվաստումների 70%-ից ավել ցուցանիշ ունեցող երկրներում մահացության թվերը շեշտակի կրճատվել են:


«Այն երկրներում, որտեղ պատվատումների ցուցանշը կազմում է 70 տոկոս, չպատվաստվածները 6 անգամ ավելի շատ են ախտորոշվում դրական, քան պատվաստվածները: Եվ 11 անգամ ավելի շատ են հակված ծանր տանելու հիվանդությունը և մահանալու, քան պատվաստվածները», - ասաց նախարարը՝ հավելելով, որ պատվաստումների բարձր ցուցանիշ ունեցող երկրներում ևս աճում է հիվանդությունների քանակը, սակայն մահացությունների թիվը անհամեմատ ցածր է:


«Սա արդեն փաստված իրողություն է: Եվ մեր քաղաքականությունն է օր առաջ ձևավորել հանրային իմունիտետ», - ասաց Ավանեսյանը՝ հորդորելով քաղաքացիներին ակտիվորեն պատվաստվել: