Ֆրանսիան, ՌԴ-ի և ԱՄՆ-ի աշխատում է ԼՂ-ի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ
Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն, հայտնում է «Ազատությունը»:
Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին. - «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, ով Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպումը։
Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։
Հարցին՝ հարկավո՞ր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում, Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանեց. - «ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։