Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց խիստ հսկողություն իրականացնել ներքին աուդիտի համակարգի նկատմամբ
Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարականներ էր հնչեցրել: Մասնավորապես, գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ինչպես նաև մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինքնուրույն ձևավորել հաշվետություններ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է գնումների հաշվետվողականության համապատասխան մոդուլ, որը հասանելի է հանրությանը (www.armeps.am/ppcm) և շահագործվում է պետական կառավարման մարմինների կողմից սույն թվականի հուլիսի 1-ից, իսկ քաղաքները վերջինիս կմիանան այս տարվա սեպտեմբերի 1-ից:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ տվյալ համակարգի ամբողջական գործարկումն ապահովելու նպատակով հարկավոր է համակարգից բոլոր օգտվողների ակտիվ մասնակցությունը դրա շահագործմանը:
«Այդ առումով, հանձնարարում եմ պետական իշխանության մարմիններին, ինչպես նաև հորդորում հետաքրքրվող այլ կողմերին ակտիվորեն օգտվել հաշվետվողական այս նոր գործիքից և դրա բարելավման վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Բացի այդ, կարևոր է բարձրաձայնել, որ գնումների գործընթացներում արդյունավետություն ապահովող պարտադիր պայման է պատվիրատուների կողմից կազմակերպված գնումներում առկա խնդիրների բացահայտումը՝ հենց իրենց կողմից: Եվ այդ նպատակով օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան գործիքակազմ»,- ասաց վարչապետը՝ մանսրամասնելով, որ խոսքը ներքին աուդիտի համակարգի մասին է, որը նոր է ներդրվել պետական համակարգում և վերջինիս ոլորտը կարգավորող օրենսդրությամբ ամրագրել են, որ ինչպես գնումների իրականացման, այնպես էլ պայմանագրերի կատարման գործընթացները ենթակա են պարտադիր աուդիտի: Վարչապետ Աբրահամյանը նշեց, որ գնումների գործընթացի բարելավման հաջորդ քայլով հարկավոր է անդրադառնալ այս հարցին:
«Հանձնարարում եմ պետական իշխանության մարմինների ղեկավարներին խստագույն հսկողություն իրականացնել ներքին աուդիտի համակարգի պատշաճ գործունեության նկատմամբ, ինչպես նաև իրենց կայքերում հրապարակել գնումների ընթացակարգերի վերաբերյալ իրականացված ներքին աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունները և դրանցում արձանագրված խնդիրների վերացման վերստուգման հաշվետվությունները»,- հավելեց նա: