Մեր երկրների միջև հաստատվել է արդյունավետ երկխոսություն. Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարին
Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկիի հետ համատեղ ելույթի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Չեխիայի հետ համագործակցության զարգացմանը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։ Նախարար Յակուբ Կուլգանեկիի հետ քննարկեցինք երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։ Մեր երկրների միջև հաստատվել է արդյունավետ քաղաքական երկխոսություն։ Գործում է նաև տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը։ Մոտ ժամանակներս Երեւանում տեղի կունենա հանձնաժողովի 5-րդ նիստը», - ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ինքը և իր չեխ գործընկերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։
Միրզոյանը պարզաբանել է, որ կողմերը համագործակցության լայն հնարավորություններ են տեսնում ՏՏ, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության և այլ ոլորտներում։