24.11.2024
Խաչատուր Խաչատրյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Ընդդիմադիրը երկօրյա համընդհանուր գործադուլի կոչ է անում

Ընդդիմադիր, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոչ է արել անտեսել իշխանությունների բեմադրական շոուները եւ համապետական երկօրյա գործադուլ անցկացնել:


Նրա խոսքով, բացառությամբ ոստիկանության եւ ԱԱԾ օպերատիվ ծառայողների, ինչպես նաեւ բանակի, բոլորը պետք է մասնակցեն գործադուլին: Գործադուլը կդառնա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի իշխանությունից ազատելու ճիշտ միջոցը։ Պետրոսյանը վստահ է, որ եթե վարչապետի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները միանան գործադուլին, հաջորդ իսկ օրը Փաշինյանը չի լինի իշխանության ղեկին:


Ընդդիմադիրը վստահ է, որ Փաշինյանի հեռացումն իշխանությունից անհրաժեշտ է, որպեսզի դադարեցվի այն հակազգային նախագծերի իրականացումը, որոնք համակարգված իրականացվում են վարչապետի թիմի կողմից։ «Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի ձերբակալություններով բեմադրված շոուով նա փորձում է շեղել հանրության ուշադրությունը և աղմուկի տակ հանձնել հերթական տարածքները», - հայտարարեց նա:


Նույն պատճառով իշխանությունները շարունակում են կալանքի տակ պահել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին։ «Նա (Փաշինյանը) շատ լավ գիտակցում է, որ իրենք երբեք նման բան թույլ չէին տա», - հայտարարեց Պետրոսյանը։


Նա չի կասկածում, որ Տոնոյանը շուտով ազատ կարձակվի։ «Այսքան մեղադրանքներից հետո, որ նա (Փաշինյանը) հնչեցրել է, չկա ոչ մի մեղադրական դատավճիռ։ Ձերբակալում են, հետո բաց են թողնում, հետո նորից։ Այս ամենն արվում է շոու ստեղծելու, մարդկանց ուշադրությունը այս կամ այն նախագծերի իրականացումից շեղելու համար։ Չկա այն գիտակցումը, որ նման գործողությունները կործանարար հարված են հասցնում երկրի արդարադատության համակարգին», - հայտարարել է նա։


Պետրոսյանը գործող իշխանություններին մեղադրել է նաև բոլոր ճակատներում ձախողվելու մեջ։ Երկրում ոչ մի խնդիր չի լուծվում. փախստականները փաստացի մնացել են առանց աջակցության, բնակչությունը լքում է երկիրը, երիտասարդները խուսափում են ամուսնանալ, բնակչությունը ծերանում է։ «Եվ այս ֆոնին կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսում Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարեց նա:


Պետրոսյանի խոսքով՝ գործազրկության մակարդակն աճում է, ընդ որում՝ գործերի մոտ չեն մնում բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Իսկ պետական ապարատում նրանց փոխարինելու են գալիս մարդիկ, որոնց առավելությունն այն է, որ ժամանակին «լավ են քայլել», իսկ հիմա «աղոթում են Փաշինյանի պատկերով»։