24.11.2024
Երանուհի Թումանյանցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
prev Նախորդ նորություն

Սև ամպեր են կուտակվում Արտակ Դավթյանի գլխին. նրան կկանչեն հարցաքննության. «Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ հարուցված քրեական գործով ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հարցաքննության է կանչելու նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, և չի բացառվում, որ նրան ևս մեղադրանք առաջադրվի գերատեսչության կողմից հարուցված քրեական գործով: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։


«Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են, եւ դեռ ավելին՝ վերջինիս եթե կրկին կալանքի տանեն, ապա նրա հետեւից «գնալու են» ՊՆ ներկայումս աշխատող մի շարք պաշտոնյաներ՝ ի դեմս ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ այլ պաշտոնյաների», - հայտնում է թերթը:


Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին. նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով: Այդ ապրանքը մատակարարվել է ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ։ Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, եւ դեռ ավելին՝ ցուցմունք չի տալիս: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Դավիթ Գալստյանը եւս, ամենայն հավանականությամբ, կկալանավորվի:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերք մատակարարող կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ: Հաղորդվում էր, որ կալանավորման որոշումը կբողոքարկվի։ Հայտնի է դարձել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու մասին:


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին ձերբակալել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալաստյանին (Պատրոն Դավիթ) ՝ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից բանակի կարիքների համար զինամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: