22.11.2024
Նուլանդը հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ. խոսել են Մինսկի խմբի աշխատանքների մասին
prev Նախորդ նորություն

Պապիկյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է: Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար:


Զրույցի ընթացքում շեշտվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշվել է, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը:


Դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Սուրեն Պապիկյանի հետ նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել: ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա:


Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին:


Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:


Կողմերը քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Փոխվարչապետը նկատել է, որ վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը:


Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:


Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից: