23.11.2024
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Գորիս-Կապան ավտոճանապարհը հայկական մեքենաներն անցում են սահմանապահների ուղեկցությամբ

Գորիս-Կապան մայրուղու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։


«Գորիս – Կապան ճանապարհը անվտանգ է։ Ուղեկցողներ կան, էս պահի դրությամբ ուղեկցում են, նենց որ խնդիրներ չի առաջանում էդ չորս կիլոմետր ճանապարհահատվածը։ Ոչ մի խնդիր չի առաջանում», - վստահեցրել է ԱԱԾ աշխատակիցը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում։


Հատկանշական է, որ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի խոսքով, վերջին միջադեպից հետո Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 3-4 կիլոմետրանոց հատվածում՝ Որոտանից մինչեւ «Գորիսի ծակեր» կոչվող մասում, հայկական ավտոմեքենաներն անցել են ռուս սահմանապահների ուղեկցությամբ:


«Ռուսներն ավտոմեքենաների շարասյուն են կազմում եւ դրանք ուղեկցում՝ 10, 20 մեքենայի քանակությամբ»,- նշեց Փարսյանը, news.am-ի հետ զրույցում:


Ներկա դրությամբ, ըստ Կապանի համայնքապետի, այդ լուծումն է գտնվել, դա մշտական բնույթ կկրի, թե ոչ՝ համայնքապետը տեղեկություն չուներ:


Վերջին շաբաթներին Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր: Ադրբեջանցի զինվորականները նախ երեք օրով փակեցին ճանապարհը՝ պատճառաբանելով այդ հարվածում իրենց ուժայինների վրա հարձակումով:


Այունհետև նրանք անցակետեր տեղադրեցին ավտոճանապարհին՝ իրանական բեռնատանների վարորդներից պահանջելով գումար այդ տարածքով անցնելու համար:


Սեպտեմբերի 18-ին ԱԱԾ-ն հայտնեց Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակչի Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվելու և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու մասին:


Նույն օրը ուշ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրեց նշված անձանց: