Իրանից Հայաստան բեռնափոխադրումները չեն դադարի: Մենք ունենք նաև ապրանքների առաքման այլ եղանակներ, ընդ որում՝ հանրապետության ցանկացած կետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին գրում է news.am-ը:
Նա նշել է, որ Սյունիքի մարզում կառուցվող այլընտրանքային ճանապարհների կառուցումը կառավարությունը մտադիր է վերջնական ավարտին հասցնել 2022թ–ի գարնանը։ Փոխվարչապետի խոսքով, դրանցից առաջինը Կապան–Տաթև գրունտային ճանապարհն է, որն այսօր վարորդներից շատ քչերն են ընտրում, այն էլ` միայն ոստիկանական խմբերի ուղեկցությամբ։
«Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ, գիտեք, վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ»,– ասաց Պապիկյանը` հավելելով, որ այժմ շատերը խուսափում են այս ճանապարհով երթևեկելուց, քանի որ գերբեռնված են լինում ու նույնիսկ փոքր քարի պատճառով կարող են անցանկալի իրավիճակում հայտնվել։
Ասֆալտապատումից հետո, Պապիկյանի համոզմամբ, ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա։ Միակ խնդիրը կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ։
Սյունիքում ծրագրված է նաև նոր, այլընտրանքային ու անվտանգ ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր։
Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս որոշ վարորդներ օգտվում են Կապանից Տաթեւ տանող այլընտրանքային ճանապարհից: Հիմնականում այս ճանապարհով որոշում են գնալ միջին չափի տրանսպորտային միջոցները:
«Քանի որ այս հատվածում վերանորոգման աշխատանքներ են տարվում, տրանսպորտային միջոցներին ուղեկցում են Հայաստանի ոստիկանական մեքենաները: Ընդհանուր առմամբ, վարորդները դեռեւս ձեռնպահ են մնում այս ճանապարհով երթեւեկելուց: Վերանորոգման աշխատանքների ավարտից եւ ասֆալտապատումից հետո այս մայրուղում անխափան երթեւեկություն կապահովվի: Ներկայումս աշխատանքներ են տարվում Սատանի կամրջի տարածքում Տաթեւ-Լծեն շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ այստեղ հողային ճանապարհ կլինի»,- հավելեց փոխվարչապետը: