Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն
Շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով Հայաստանի 27 միավորված համայնքներում ֆոտովոլտային կայաններ կտեղադրվեն։ Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի շրջանակում` համայնքների նախնական գնահատմամբ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ներդրմամբ երկու հարյուրից ավելի կառույցներում կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ։
Ծրագրի շահառու են Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 27 միավորված համայնքներ։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող այս ծրագրի նպատակն է` էականորեն կրճատել համայնքային բյուջեների ծախսերը էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ։ Արևային ֆոտովոլտային կայանները տեղադրվում են համայնքային ենթակայությամբ գործող կառույցներում՝ մշակույթի տներ, սպորտդպրոցներ, մանկապարտեզներ և այլն։
Ծրագրի արդյունքում խնայված միջոցները կծախսվեն համայնքային օրակարգային այլ խնդիրներ լուծելու համար»,-տեղեկացնում է Պապիկյանը։