24.11.2024
Հայաստանի արտաքին պետական պարտքն աճել է 10,2 տոկոսով
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին:


Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձեւաչափով եւ հագեցած օրակարգով:


Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների եւ ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին:


Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական խորագիր կրող հարցերին՝ լավագույն փորձի վերհանման նպատակով:


Համաժողովի օրակարգում է նաեւ հակահամաճարակային միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը», «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաեւ Միջխորհրդարանական միության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը:


Սեպտեմբերի 9-ին կայանալիք՝ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին ելույթով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ահաբեկչությունից տուժածների իրավունքների ու կարիքների ուսումնասիրությունը եւ անդրադառնալով տուժածներին՝ պատգամավորների կողմից վերաինտեգրման հարցում ցուցաբերվելիք օգնությանը:


Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:


Տեղեկացնենք, որ Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի առաջին փուլի հանդիպումն իրականացվել է 2020 թվականին՝ առցանց եղանակով:


Առաջին փուլում ընդունվել է «Խորհրդարանների կառավարող դերն առավել արդյունավետ բազմալատերալիզմ ապահովելու գործում՝ մարդկանց եւ մոլորակի խաղաղությունն ու կայուն զարգացումն իրականացնելու նպատակով» վերտառությամբ հռչակագիր: